Ազգային Ժողովի հեղինակությունը բոլոր պատգամավորների վարկի հանրագումարն է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, նշեց Ազգային Ժողովի փոխխոսնակ Սավել Նիկոյանը` լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ նոր նախագահի ընտրութան ժամանակ:

Ընտրություններն անցնում էին նիստին զուգընթաց` ԱԺ միջանցքում: Քվեախցերի մոտ կարելի էր տեսնել նույնիսկ շատ հազվադեպ հաճախող պատգամավորների, օրինակ` Սամվել Ալեքսանյանին, Աշոտ Արսենյանին ու Լեւոն Սարգսյանին:

Ինչպես նշեց Նիկոյանը, խորհրդարանի աշխատանքները կկազմակերպվեն` աավելագույնս կարեւորելով օրենսդիրի դերը:

«Որպես քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ, հանդիսանում եմ կառավարության քաղաքական հենարանի մի մասը: Սակայն որպես Ազգային Ժողովի նախագահ, պարտավոր եմ աշխատանքի հավասար հնարավորություններ ապահովել բոլորի համար», – նշեց Ս. Նիկոյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իր ընդդիմադիր գործընկեր, ԱԺ նախագահի մյուս թեկածու Լարիսա Ալավերդյանին, նա նշեց, որ «հարգանքով է վերաբերվում նրան»: