Աշխարհում բնակվող 10-12 մլն հայերի 10-20 տոկոսն այլադավան է, սակայն նրանք բոլորն էլ գենետիկորեն հայ են: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 6-ին, կայացած մամլո ասուլիսի ընթացքում ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` հայ կաթոլիկների թիվը հասնում է 500 հազարի. նրանք բնակվում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, ԱՊՀ երկրներում եւ Մերձավոր Արեւելքում:
Հայ-ավետարանչականների թիվը գրեթե 180 հազար է, նրանք եւս հիմնականում բնակվում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, ԱՊՀ երկրներում եւ Մերձավոր Արեւելքում:
Մահմեդական հայերի թիվը գրեթե 1,5 մլն է, նրանք բնակվում են Թուրքիայում, արաբական երկրներում, Ռուսաստանում եւ Եվրոպայում:
«Գոյություն ունի պատրանք, որ երբեմն հայ ազգի ինքնությունը պայմանավորում են կրոնական պատկանելությամբ, դա սխալ, փակուղի տանող մտածողություն է: Հայերի ֆենոմենը շատ բարդ է: Տարբեր կրոնական պատկանելության հայերին միավորում է հայրենիքը, լեզուն, մշակույթը: Այս հարցին նման կերպ են մոտենում ե’ւ Հայաստանի նախագահը, ե’ւ Ամենայն Հայոց կաթողիկոսը», -նշել է Հարությունյանը:




























