Տարբեր կրոն եւ հավատք դավանող հայերը մեր հարստությունն ու ներուժն են: Այս մասին, դեկտեմբերի 6-ին, կայացած մամլո ասուլիսի ընթացքում ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` այլադավան հայերի միջոցով կարելի է կապեր հաստատել այս կամ այն երկրի քաղաքական վերնախավի հետ: «Կաթոլիկ հայերի օգնությամբ կարելի է կապեր հաստատել Վատիկանի հետ, որը խոշորագոյն քաղաքական միավորումներից է: Ինչ վերաբերում է ավետարանչականներին, ԱՄՆ-ում քարոզիչ-ավետարանչականները նույնքան ազդեցությունն ունեն, որքան քաղաքական գործիչները»:
Միաժամանակ, Հարությունյանը նշել է, որ տվյալ գործընթացը նաեւ վտանգ է պարունակում, քանի որ այլադավան հայերի գործունեությունն ուղղված կարող է լինել ոչ թե հօգուտ Հայաստանի շահերի, այլ դրանց դեմ:
Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ տարբեր կրոնական պատկանելության հայերի շրջանում կան մարդկանց խմբեր եւ շերտեր, որոնք Հայաստանի հետ հարաբերությունները հարթելու քայլեր են նախաձեռնում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայ առաքելական եկեղեցին պատրաստ է նման թեմայով բաց երկխոսություն վարելուն, Հարությունյանը նշել է. «Հայ առաքելական եկեղեցու առավելությունն այն է, որ նա պահպանողական է, սակայն տվյալ հարցում Գարեգին Բ-ն արտահայտել է իր մոտեցումը` ասելով, որ բոլոր հայերը եղբայրներ են»:




























