Չեխիայի մայրաքաղաք Պրահան, որը հայտնի է ոչ միայն իր գարեջրով, այլև իր պատմական ճարտարապետությամբ, մտադիր է արգելել բարերով ուշ գիշերին զբոսաշրջիների «քարշ գալու սովորությունը», փորձելով վերջ դնել երեկույթների վայր հռչակված իր համբավին:
Պրահան դարձել է եվրոպական ամենավերջին զբոսաշրջային կետը, որտեղ տեղի բնակիչների կյանքի որակի վրա ազդելու մտահոգությունների նկատառումներով զբոսաշրջիկների ամբոխի նկատմամբ արգելք է մտցվում:
Պրահայի փոխքաղաքապետ Իրժի Պոսպիսիլը հայտարարել է, որ քաղաքը ցանկանում է կարճ հանգստի համար պարզապես հարբելու եկած զբոսաշրջիկների «ոտքը կտրել»՝ հօգուտ «ավելի կիրթ և հարուստ զբոսաշրջիկների», գրում է Ֆրանսպրես գործակալությունը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում, մասամբ բյուջետային ավիաընկերությունների բումի շնորհիվ, քաղաքը դարձել է տղայական և աղջկական հավաքույթների սիրված վայր, հատկապես բրիտանացիների համար:
Երկուշաբթի հայտարարված որոշումը Պրահա 1-ի՝ քաղաքի պատմական թաղամասի բնակիչների՝ աղմկահարույց փաբերի աղմուկի վերաբերյալ բողոքների հետևանք է: Պրահա 1-ում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Ստարոմեստսկի հրապարակը, Պրահայի ամրոցը և Կառլի կամուրջը:
CNN Travel-ին տրամադրված հայտարարության մեջ Պրահա 1-ի մունիցիպալ շրջանի գրասենյակը հաստատել է, որ փաբերի արգելքը կգործի տեղական ժամանակով 22:00-ից մինչև 06:00-ն, և հայտնել, որ արգելքն ուժի մեջ կմտնի հենց նոյեմբերին սկզբից:





























