Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը մեկն էր այն քաղբանտարկյալներից, որոնց ազատ են արձակել համաներման արդյունքում: «Ինձ համար շատ զարմանալի էր, որ ինձ բաց թողեցին: Ես նաեւ իմ ընտանիքին էի զգուշացրել, որ հետո հոգեբանական սթերսների մեջ չընկնեն: Ճիշտն ասած, համաներում իմ կամարտահայտման հետ կապված չէ: Ես իշխանությունների հետ որեւէ պայմանավորվածության մեջ չեմ մտել, ոչինչ չեմ ստորագրել»,- ՀԱԿ գրասենյակում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Գ.Ջհանգիրյանը:
Նախկին քաղբանտարկյալը նաեւ նշեց, որ իշխանափոխությունից հետո օրենքի շրջանակներում պարտադիր պատժվելու են բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործել հայ ժողովրդի դեմ: «Ես Ալեքսանդր Արզումանյանի պես բարի չեմ»,- ասաց Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանը նաեւ նշեց, որ ինքը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: «Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել Երկրապահ Կամավորական միության հետ, համարում եմ ինձ ԵԿՄ շարքային անդամ եւ որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում ԵԿՄ շարքերից դուրս գալու համար»,- լրագրողի հարցին պատասխանեց Ջհանգիրյանը: Հարցին,թ ե ինչու 2004թ. չմիացավ ընդդիմությանը, այլ 2008թ., Ջհանգիրյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի մեջ եմ տեսել կամք, վճռականություն, արժեհամակարգ: Դրա համար էլ, կներեք, եկել եմ 2008թ.-ին»:
Հարցին, թե ինչ կլինի ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ իրավապահներին ներկայանալու դեպքում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Սուքիասյանի հետ կլինի այն, ինչ եղավ Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե ներկայանա, կձերբակալեն, իսկ եթե չներկայանա, կշարունակեն փնտրել ու չգտնել, ոնց որ Նիկոլին չէին կարողանում գտնել»:



























