Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) հայտարարություն են տարածել, որ իսրայելական բանակի բուլդոզերը Լիբանանի հարավում՝ ոչնչացրել է Մարվեյնում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի պարագծի դիտաշտարակն ու պարիսպը, գրում է «Այսօր Իսրայելում» պորտալը:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք Իսրայելի պաշտպանության բանակին և բոլոր մասնակիցներին ՄԱԿ-ի անձնակազմի և ունեցվածքի անվտանգությունն ապահովելու և ՄԱԿ-ի տարածքների անձեռնմխելիությունը մշտապես հարգելու իրենց պարտավորությունների մասին»,- հավելել են ՄԱԿ-ի ներկայացուցչները:

Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկնեց հարավային Լիբանանում՝ Իսրայելի սահմանին տեղակայված  խաղաղապահներին որոշ շրջաններից հեռանալու իր կոչը: Նա միաժամանակ մեղադրել է «Հըզբոլլահ»-ին Իսրայելի վրա հարձակումների ժամանակ UNIFIL-ի դիրքերն օգտագործելու մեջ:

Նա «բոլորովին կեղծ» է անվանել այն պնդումները, թե իսրայելական ուժերը հարձակվել են խաղաղապահների վրա։