Վրացի միլիարդատեր, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հինգ օր առաջ հարցազրույց է տվել «Իմեդի» հեռուստաալիքին։
Նա խոսել է «կոլեկտիվ ազգային շարժման» սպառնալիքի մասին և անդրադարձել աշխարհաքաղաքականության թեմային, հայտնում է NGnewsgeorgia-ն։
Իվանիշվիլին հավելել է, որ «Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո ամեն ինչ կհանդարտվի» և հայտարարել, որ այնուհետև մենք կարող ենք ակնկալել արևմտյան գործընկերների հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնում։
«Պետք է շատ զգույշ լինենք, որ սխալներ թույլ չտանք, այլապես կհայտնվենք անախորժությունների մեջ, որոնք գուցե երբեք չկարողանանք ուղղել: Մոտ ապագան, ամիսները շատ լարված են լինելու, աշխարհաքաղաքականությունն այսօր շատ բարդ է, սա բարդ իրողություն է ամբողջ տարածաշրջանում, մենք դա պետք է հաշվի առնենք»,- ընդգծել է նա։




























