Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են պայմանավորվել ԼՂ խնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ եւ դա հասանելի նպատակ է: Բայց դրա համար, ըստ նրա, պետք է ավելի ջերմ քաղաքական մթնոլորտ լինի բանակցություններում, կողմերի վերաբերմունքը պետք է ավելի ինտենսիվ լինի: Այս մասին նա հայտարարել է, մեկնաբանելով Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ԵԱՀԿ Միսնկի խմբի գործունեության խիստ քննադատությունը:
«Իմ սեփական փորձից գիտեմ, որ Մինսկի խումբը մեծ աշխատանք է կատարում խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ` կազմակերպելով կողմերի միջեւ հանդիպումներ: Բայց ամփոփիչ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է կողմերի փոխադարձ վստահությունը»,- ասել է Բրայզան ադրբեջանական APA գործակալությանը: Նա, միաժամանակ, նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում մնում է համաձայնեցնել մի քանի յուրահատուկ հարցեր:
Դիվանագետը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը: Նա նշել է, որ հաշտության համաձայնագրի համաձայնեցմանն ուղղված բանակցություններում, մի կողմը պետք է ըմբռնումով մոտենա մյուս կողմի ցանկություններին:
Բրայզան նաեւ ընդգծել է հոգեբանական ու քաղաքական մթնոլորտի բարելավման անհրաժեշտությունը:




























