Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է արգելել մթերքների արտադրության մեջ հորմոնալ հավելումները: Այս մասին նշված է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը:  Մտադիր են արգելել նաեւ կենդանիների աճի արհեստական  խթանիչները:

Նշենք, որ ներկրված թռչնամիսը հաճախ հայ թռչնարտադրողները որակում են իբրեւ  «հորմոններով հագեցած», հետեւաբար ավելի էժան, բայց վնասակար:

Նախարար Կարապետյանի 2011թ.  հունվարին ունեցած ելույթներից մեկի համաձայն` Հայաստանը, 2009թ. տվյալներով, թռչնամսով իրեն ապահովում է 1/6 չափով: Կենդանի ձուկը հիմնականում տեղում է բուծվում, բայց ներկրման դեմ ուղղված բողոքներ կան նաեւ այս բնագավառում. ձկան կերերի վիտամինացված հավելումներ արտադրող ընկերությունները բողոքում են, որ ձկնաբույծները  նախընտրում են ներկրված  հավելումները, որոք խթանում են լճի ձկան  արագ աճը:

Օրինագիծը նաեւ հատուկ նշանակության մթերքների սահմանումն է տալիս. դրանցում ընդգրկված կլինի բժշկական եւ մանկական սնունդը: Այստեղ սահմանափակումներն առավել խիստ կլինեն. կարգելվի նաեւ գենետիկորեն ձեւափոխված արտադրանքը: