Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը աշխարհի բոլոր հայերին կոչ է արել կապիտուլյացիայի փոխարեն նախապատվությունը տալ գոյատեւման գաղափարին: Նա դա ասել է մեծաթիվ մարդկանց՝ կոալիցիայի գործընկերների եւ ԱՄՆ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների ներկայությամբ, որ նոյեմբերի 8-ին հավաքվել էին Փասադենայի Convention Center-ում՝ ամենամյա ճաշկերույթի:

Խաչիկյանն իր ելույթում մասնավորապես նշել է, թե "որպես հայեր, մենք շրջադարձային պահի ենք հասել: Մեր ժողովրդի համար երկու ճանապարհ կա մեր անցյալի եւ ապագայի հետ կապված։ Մի ճանապարհը կկանխորոշի մեր ազգի ճակատագիրը տասնյակ, անգամ հարյուրավոր տարիներ: Դա դեպի առաջ շարժվելու ընտրությունն է: Դա ընտրություն է գոյատեւման եւ կապիտուլյացիայի միջեւ: Այդ ճակատագրական պահին ես կցանկանայի հիշեցնել ամերիկյան հեղափոխական Թոմաս Փեյնի խոսքերը. «Եթե կան ինչ-որ խնդիրներ, թող դրանք լինեն իմ կյանքի ընթացքում, որ իմ որդին խաղաղություն տեսնի»:

Խաչիկյանը նաեւ նշել է, թե «նրանք, միջազգային հանրության ճնշման տակ, մեզ կստիպեն ընդունել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, չնայած դրանք ակնհայտորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը, հայերին զրկում են իրավունքներից եւ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը: Նրանք, որ առւտուր են անում հայոց հողերով, մեզ կստիպեն ընդունել Մադրիդյան սկզբունքները։ Այդ հարցը պետք է արդար լուծում գտնի միջազգային հանրության կողմից: Դա, անխոս, կապիտուլյացիայի ճանապարհն է, որին մենք պիտի դիմագրավենք: Այստեղ Սփյուռքը կորցնում է հայոց շահերի պահապան շան կարգավիճակն ու վերածվում գերտերությունների սենյակային շնիկի»: