Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգի Գերագույն դատարանը ոչ հայրենասիրական պահվածքի մեջ մեղադրվող տղամարդուն կարգադրել է շաբաթը երկու անգամ ողջունել Հնդկաստանի ազգային դրոշը և կարգախոսներ վանկարկել՝ ի պատիվ իր երկրի:

Ինչպես գրում է The Times of India-ն, Բհոպալի Ֆայզան անունով մի բնակիչ դատարանի առաջ է կանգնել Պակիստանի նկատմամբ համակրանք դրսևորելու համար, որի հետ Հնդկաստանը շարունակում է լարված հարաբերություններ ունենալ։ Դատարանը համաձայնեց բավարարել նրա գրավի խնդրանքը՝ պայմանով, որ Ֆայզանը պետք է շաբաթը երկու անգամ հրապարակային ողջունի Հնդկաստանի դրոշը` ոստիկանության հսկողության ներքո՝ բարձրաձայն վանկարկելով «Կեցցե հայրենիք Հնդկաստանը»։

Ամբաստանյալն արդեն սկսել է կատարել դատարանի որոշումը։ Տեղական սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը Բհոպալի աշխույժ փողոցում մի քանի անգամ ողջունում երկրի դրոշը և Հնդկաստանի մասին ճառեր ասում: Ֆայզանի խոսքերով, նա ամբողջովին զղջացել է իր վիրավորանքի համար և իսկական հնդիկ հայրենասեր է։

Քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը պետք է ամեն երեքշաբթի և ուրբաթ հավատարմության երդում տա իր երկրին և ողջունի Հնդկաստանի դրոշը։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը կավարտի Ֆայզանի գործի քննությունը և կհայտարարի նրա դատավճիռը։