Այսօր` դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին նախատեսված երթի անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Այնուհետեւ ներկայացվել եւ քննարկվել է խնայբանկի ավանդների վերադարձի հետ կապված` Կոնգրեսի հաշվառման ծրագրի իրականացման ընթացքը: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել համապատասխան հարցապնդումով դիմել ֆինանսների նախարարությանը:

Քննարկվել են նաեւ ընտրությունները թափանցիկ եւ օրինական դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները:

Դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ հայտնելով իր ցավակցությունը զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, Կոնգրեսի քաղխորհուրդը քննարկել է նաեւ աղետի գոտում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն, որ հակառակ իշխանությունների` դեռ 13 տարի առաջ տված խոստումների, 6300 ընտանիք շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, մինչդեռ տեղական իշխանությունները, թաղված կոռուպցիայի եւ ապօրինությունների մեջ, բոլորի աչքի առաջ վարում են շվայտ կյանք:

Քաղխորհուրդը հանձնարարել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովին` սեղմ ժամկետում մշակել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիր: