Նոր վերլուծությունը ցույց է տվել, որ աշխարհում ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում երկուշաբթի օրերին և Ամանորին։ Սակայն Սուրբ Ծննդյան և հանգստյան օրերին ինքնասպանությունների թիվը տարբերվում է՝ կախված երկրից, գրում է SciTechDaily-ն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2019 թվականին ինքնասպան է եղել ավելի քան 700 հազար մարդ, հայտնում է «Ֆոկուս»-ը։ Այս ցուցանիշը կազմում էր աշխարհում մահացածների մոտ 1,3%-ը։ Ինքնասպանությունների նշված թիվը գերազանցել է նաև մալարիայից, ՄԻԱՎ-ից և կրծքագեղձի քաղցկեղից մահացածների թվին։
Նախորդ ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ ինքնասպանության ռիսկը տատանվում է՝ կախված շաբաթվա օրվանից։ Սակայն ինքնասպանության և մեծ տոների միջև կապը այդպես էլ մանրամասնորեն չի ուսումնասիրվել։
Նոր հետազոտության հեղինակներն օգտագործել են 26 երկրներում 740 վայրերում ինքնասպանությունների մասին 1971-2019 թվականների մասին տեղեկություն պարունակող տվյալների բազա: Վերլուծությունը ներառում էր ավելի քան 1,7 միլիոն ինքնասպանության դեպքեր:
Հետազոտության ամբողջ ժամանակահատվածում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշները եղել են Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Հարավային Աֆրիկայում և Էստոնիայում: Ընդ որում, ինքնասպանությունների ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ֆիլիպիններում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Պարագվայում։ Բոլոր երկրներում ինքնասպանությունների մակարդակն ավելի բարձր է եղել տղամարդկանց, քան կանանց շրջանում, հիմնականում՝ մինչև 64 տարեկան մարդկանց շրջանում։
Բոլոր երկրների շարքում ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունեցել երկուշաբթի օրերին (ընդհանուրի 15-18%-ը)՝ աշխատանքային մյուս օրերի համեմատ։
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ Հյուսիսային Ասիայի, Ասիայի և Եվրոպայի շատ երկրներում հանգստյան օրերին ինքնասպանության ռիսկերն ամենացածրն են եղել: Այս ցուցանիշը հանգստյան օրերին աճել է Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներում, Ֆինլանդիայում և Հարավային Աֆրիկայում։
Հետազոտված բոլոր երկրներում Ամանորին ինքնասպանության ռիսկն աճել է հատկապես տղամարդկանց շրջանում։ Սուրբ Ծննդյան տոներին փոքր-ինչ աճ է գրանցվել Կենտրոնական և Հարավային Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի երկրներում: Մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում Սուրբ Ծննդյան տոներին ինքնասպանությունների թիվը նվազել է:
Արևելյան Ասիայի շրջաններում, որտեղ մարդիկ նշում են լուսնային Նոր տարին, ինքնասպանության ռիսկի նվազում նկատվել է միայն Հարավային Կորեայում:
Հետազոտողներըն այս ցուցանիշները կապում են շաբաթվա սկզբին աշխատանքային սթրեսի, ինչպես նաև Ամանորից առաջ, բուն արձակուրդի ընթացքում և հանգստյան օրերին ալկոհոլի ավելի մեծ քանակի օգտագործման հետ:





























