«Հանուն արդար ընտրությունների հանրահավաքը», որը պետք է տեղի ունենա շաբաթ օրը`Մոսկվայի Հեղափոխության հրապարակում,  Facebook սոցցանցի համանուն խմբում դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ 23,5 հազարից ավելի մարդու է համախմբել: Vkontakte.ru սոցցանցում ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել 12 հազար մարդ:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Ալեքսանդր Գորբենկոն դեկտեմբերի 7-ի երեկոյան ակցիայի կազմակերպիչներին զգուշացրել էր, որ իշխանությունների կողմից արտոնված հավաքի ընթացքում Հեղափոխության հրապարակում հավաքվածների թիվը չպետք է գերազանցի հայտում ներկայացված թվին: Իսկ հայտում նշվել էր 300 մարդ: Պաշտոնյան նշել էր, որ խախտումների դեպքում կազմակերպիչներին կտուգանեն կամ վարչական կալանքի կենթարկեն` մինչեւ  15 օր ժամկետով: Նա նաեւ զգուշացրել էր, որ մարդկանց մեծ քանակության դեպքում կրկին դիմեն քաղաքապետարան, որպեսզի վերջինս նոր տեղ տրամադրի:

Մոսկվայի իշխանությունները նաեւ հերքել են այն լուրը,  ըստ որի Հեղափոխության հրապարակը փակ է լինելու.  «Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերն այն մասին, թե իբր Հեղափոխության հրապարակը փակ է լինելու վերանորոգման աշխատանքների պատճառով, չի համապատասխանում իրականությանը», – gazeta.ru-ին հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Սակայն դեկտեմբերի 7-ի երեկոյան հրապարակի մի մասն արդեն ծածկված էր մետաղական ցանկապատտերով, որոնց վրա «Մոսվոդոկանալ» գրված ցուցանակներ կային:

«Մոսվոդոկանալ»-ից թերթին հայտնել են, որ տվյալ պահին աշխատակիցները պատրաստվում են վթարային քանդման: Սակայն չեն կարողացել պատասխանել, թե որտեղից են իմացել տեղի ունեցած վթարի մասին:

Մոսկվայի  Հեղափոխության հրապարակի համանման ակցիաներ են նախապատրաստվում նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում: