ՄԱԿ-ի ներկայացուցիչները լուրջ մեղադրանքներ են ներկայացրել ռուսական երկու` «ՅուտԷյր» եւ «Նեֆտեյուգանսկի միացյալ ավիաջոկատ» ավիաընկերությունների աշխատակիցներին: Նրանց մեղադրում են Սուդանում եւ Կոնգոյում կանանց բռնաբարության մեջ:
Տվյալ ավիաընկերությունները ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության շրջանակներում տրանսպորտային փոխադրումներ են իրականացրել այդ երկրներում:
ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գործողությունների դեպարտամենտը (DPKO) հայտարարել է «ՅուՏէյր»-ի եւ ուղղաթիռային փոխադրումների գծով մասնագիտացած «Նեֆտեյուգանսկի միացյալ ավիաջոկատ»-ի հետ գործարքների ժամանակավոր սառեցման մասին, գրում է pravda.ru-ն:
ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գործողությունների դեպարտամենտի հաղորդագրության մեջ ասվում է, որ կատարված հետաքննությունը հաստատել է հանցագործության կատարման փաստը:
Բռնաբարության մեջ կասկածվողները զրկվել են ՄԱԿ-ի ցանկացած առաքելություն իրականացնելու իրավունքից, իսկ նրանց գործատուների հետ պայմանագրերը ժամանակավորապես կասեցվել են: Ավելի ուշ «ՅուՏէյր» եւ«Նեֆտեյուգանսկի միացյալ ավիաջոկատ» ընկերություններին թույլատրվել է վերսկսել թռիչքները, սակայն նրանց աշխատանքը խստորեն վերահսկվում է: Հայտնի չէ, թե պայմանագրերը որքան ժամանակ են սառեցված եղել: Այս սկանդալային պատմության այլ մանրամասներ չեն հաղորդվում:



























