Ավարտվել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների և Վրաստանում հավատարմագրված դիվանագետների հանդիպումը, հայտնել է Грузия Online պորտալը։

Թբիլիսի Marriott հյուրանոցում հանդիպումից հետո Ռուսթավելի պողոտայում ընթացող հանրահավաքին միացել են ընդդիմության առաջնորդները։

Հանդիպումից հետո «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն լրագրողներին հայտնել է, որ դիվանագետներին ընտրակեղծիքների մասին «տեղեկություն է փոխանցվել»։

«Մենք քննարկել ենք մեր ծրագրերը՝  ինչպես ենք մտադիր հաստատել տեղի ունեցած զանգվածային խարդախությունը: Տեսնում եք արձագանքը, իրականում ոչ ոք չի ընդունում այդ արդյունքները։ Հանդիպմանը մեզ լսեցին, հարցեր տվեցին, և մեր դիրքորոշումը նրանց համար լիովին պարզ էր։ Նրանց խնդիրն է մեր դիրքորոշումը հասցնել իրենց երկրների մայրաքաղաքներին»,-հայտարարել է Գիորգի Վաշաձեն։

«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, նշել է, որ «ամբողջ միջազգային հանրությունն այժմ, առավել քան երբևէ, կաջակցի վրաց ժողովրդին»։