Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 12-ին կայացած նիստում միանգամից ութ որոշում է ընդունել եւ հաստատել է ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, այդ արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, դրա առեւտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ որոշումներով նախատեսվում է թույլ տալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեությամբ զբաղվել միայն որոշակի պահանջները բավարարող եւ համապատասխան լիցենզիա ստացած անձանց: Հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց համար սահմանվել են որոշակի պահանջներ, որոնք մինչեւ վերը նշված գործողությունների կատարումը լիցենզավորված անձին պարտավորեցնում են ստանալ լիցենզավորող մարմնի թույլտվությունը: Որոշումների ընդունումը հնարավորություն կընձեռի հաշվառել նման գործունեությամբ զբաղվող անձանց, ինչն արդյունավետ հսկողություն իրականացնելու կարեւոր նախադրյալ է: Պետությունը հնարավորություն է ստանում հսկողություն իրականացնել նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման նկատմամբ, ինչը մեծ կարեւորություն ունի միջազգային անվտանգության ապահովման տեսանկյունից:




























