Իրանում մահապատժի են ենթարկվել սուննիական «Ջանդալա» խմբավորման 13 անդամներ։ Նրանք բոլորը համարվել են ազգի դավաճաններ և մեղավոր ճանաչվել արտասահմանցիների առևանգման, անմեղ մարդկանց սպանությունների և մի շարք ահաբեկչությունների կազմակերպման մեջ, հաղորդում է IRNA գործակալությունը։

Մահապատժի դատապարտված հանցագործները կախաղան են բարձրացվել Զահեդան քաղաքի բանտում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, իրանա-պակիստանյան սահմանից ոչ հեռու։ Դատավճիռն ի կատար ածելուց մեկ օր առաջ՝ հուլիսի 13-ին, Իրանի պետական լրատվական գործակալությունները հայտարարել են, որ «Ջանդալա» խմբավորման անդամները կախաղան կբարձրացվեն հրապարակայնորեն, սակայն վերջին վայրկյանին որոշվել է մահապատիժն անցկացնել դռնփակ։

Տեղի լրատվամիջոցները հաղորդել են, որ մահապատժի դատապարտված սուննիների թվում է նաև «Ջանդալա» խմբավորման առաջնորդ Աբդոլմալիք Ռիհիի եղբայր Աբդոլհամիդ Ռիհին։ Տեղի դատարանի ղեկավարը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Աբդոլհամիդ Ռիհին մահապատժի կենթարկվի ավելի ուշ։

Իրանի իշխանությունները «Ջանդալային» մեղադրում են շիիթ մեծամասնության և սուննի փոքրամասնության միջև թշնամություն հրահրելու, թմրանյութերի մաքսանենգության և առևանգումների համար։ Ապստամբներին մեղադրում են Իրանի կառավարական հաստատությունների վրա մի շարք հարձակումներ ձեռնարկելու համար։

Իշխանությունները կարծում են, որ խմբավորումը կապված է «Ալ քաիդայի» հետ, նշում է BBC-ն։