Եվրոպական ուղղությունը առաջնահերթություն է Հայաստանի համար: Այդ մասին դեկտեմբեր 7-ին, Մարսելի քաղաքապետարանում քաղաքային իշխանությունների եւ տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Վերջին տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել այս բնագավառում: Եվրոպական միությունը դարձել է ոչ միայն մեր կարեւորագույն գործընկերներից մեկն արտաքին աշխարհում, այլեւ շատ լուրջ դերակատարում ունի Հայաստանի ներսում՝ նպաստելով մեր բարեփոխումների անցկացմանը եւ մեր երկրի տնտեսական եւ ընդհանուր կայունության ամրապնդմանը:
Մեր աշխատանքի էական ուղղություններից մեկը համաեվրոպական կառույցներում Հայաստանին արժանի տեղ ու դեր ապահովելն է: Իսկ դա ճմարիտ է ամբողջ քաղաքական համակարգի տեսանկյունից: Այսօր նաեւ Հայաստանի քաղաքական դաշտն է դառնում եվրոպական եւ յուրացնում եվրոպական արժեքները: Հուսով եմ՝ որ նաեւ գործելաոճը: Ու նաեւ այս առումով եմ ցանկանում հատուկ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին եւ մասնավորապես Ֆրանսիայի նախագահին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամին, մեր ջանքերին սատար կանգնելու համար»«- նշել է Հայաստանի նախագահը:
Սարգսյանի կարծիքով, ո՞վ, եթե ոչ նաեւ Եվրոպայի հայերը, կարող են օգտակար լինել հայրենիքին, այս ճանապարհին: «Երկքաղաքացիության ինստիտուտն այսօր գործում է իրականում: Ըստ էության, վերացել է այն հոգեբանական պատնեշը, որ խոչընդոտ էր սփյուռքահայերից շատերի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ այսօր բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանի կյանքում աշխույժ ու անմիջական մասնակցություն ունեն: Ես մի քիչ դժվարությամբ եմ արտաբերում սփյուռքահայ բառը, որովհետեւ ինձ համար խորթ է. հասկանում եք՝ հայը հայ է, որտեղ էլ նա ապրի»,- նկատել է նախագահը:
Անշուշտ դա հեշտ բան չէ: «Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը եւ նոր գործ ձեռնարկել հարազատ, բայց իրականում անծանոթ հայրենիքում: Իսկ դրա համար անհրաժեշտ է ազատ ու բաց քննարկել առկա խնդիրները, որպեսզի մեր հայրենիքում հաղթեն խաղի եվրոպական կանոնները: Թերությունները մատնանշելը միայն գործի կեսն է, կեսն էլ չկա: Մենք էական առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ ծանոթ խնդիրներ, պրոբլեմներ: Եվ անհրաժեշտ է համատեղ փնտրել այդ դժվարությունները վերացնելու ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը»,- նշել է Սարգսյանը` հրավիրելով բոլորին մասնակցելու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: «Սփյուռքի մեր հայրենակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի, եւ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Պետք է քննարկենք մեր խնդիրները՝ առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու: Եվ առաջին պատասխանատուն, իհարկե, այդ թերությունների համար ես եմ: Բայց ուզում եմ իհարկե, որ բոլորդ մասնակցեք, մեզ հետ կիսեք պատասխանատվությունն ու, ինչպես ասացի, հաջողության պատիվը»,- ամփոփել է նախագահը:




























