Ֆրանսիայի խորհրդարանի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովի ընդունած օրինագիծը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին, կարելի է դիտարկել խորհրդանշական տեսանկյունից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Կարելի է եւս մեկ անգամ խոսել քաղաքականության մեջ սիմվոլիզմի մասին, քանի որ օրինագիծը հանձնաժողովում անցավ հենց այն ժամանակ, երբ Մարսելում էր գտնվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասել է քաղաքագետը:

Մյուս կողմից, ըստ Մարկարովի, սա հենց այն օրինագիծն է, որի ընդունումը սպասելի էր. «Այդ օրինագծի ընդունման մասին խոսում էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան կատարած այցի ընթացքում: Ամեն ինչ բավական տրամաբանական է, քանի որ օրինագծի ընդունումը ընկնում է բարեկամական հարաբերությունների այն շղթայի մեջ, որ բավական երկար գոյություն ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ»:

Նա նաեւ հույս է հայտնել, որ օրինագիծը կստանա Սենատում մեծամասնության անհրաժեշտ աջակցությունը, ապա կստորագրվի նախագահի կողմից:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովը, դեկտեմբերի 7-ի առավոտյան ընդունել է Վալերի Բուայեի եւ նրա գործընկերների ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է ռասիզմի դեմ պայքարում եւ Հայոց ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին:

Հանձնաժողովի կողմից մշակված տեքստը նախատեսում է պատիժ սահմանել օրենքով ընդունված ցեղասպանությունները կասկածի տակ դնողներին: Ըստ այդմ, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնողներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001-ի հունվարի 29-ին: