Ռուսաստանի իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են «բարեկամ երկրներին»՝  կարագի շուկայում ճգնաժամի պատճառով, որտեղ տարեսկզբից գներն աճել են գրեթե 26%-ով։

Արաբական Միացյալ Էմիրությունները պատմության մեջ առաջին անգամ սկսել են կարագ մատակարարել Ռուսաստան, շաբաթ օրը հաղորդել է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով, հոկտեմբերի 18-ից ԱՄԷ-ից Ռուսաստանի Դաշնություն է ներկրվել 90 տոննա կարագ։ Հոկտեմբերի 27-ից կարագ է ներկրվում նաև Թուրքիայից, բացի այդ, բանակցություններ են տեղի ունեցել Հնդկաստանում և Իրանում գնումների շուրջ, «Իզվեստիային» հայտնել են գյուղատնտեսության նախարարությունից։

Կարագի գների աճը կտրուկ արագացել է աշնան սկզբին․ սեպտեմբերին այն թանկացել է 5,07%-ով, իսկ հոկտեմբերի 1-ից 28-ը՝ 6,58%-ով։ Այս թռիչքը ռեկորդային է  2007 թվականի հոկտեմբերից, երբ կարագը մեկ ամսվա ընթացքում թանկացել էր 12,7%-ով։ Կարագի գների տարեկան աճը հոկտեմբերի վերջին հասել է 25,7%-ի, իսկ խոշոր քաղաքների, այդ թվում՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Եկատերինբուրգի սուպերմարկետներում հաճախակի  են դարձել գողության դեպքերը։

Կարագի շուկայում «հրդեհը» բռնկվել է ներկրվող յուղերի թանկացման, ներկրված սարքավորումների սպասարկման հարցում գործարանների դժվարությունների և հումքի պակասի պատճառով, հայտնել է «Ռուսպրոդսոյուզի» վարչության փոխնախագահ Դմիտրի Լեոնովը։ Բացի այդ, իր ազդեցությունն է թողնում կադրերի պակասը, Կենտրոնական բանկի տոկոսադրույքի բարձրացումը, նշել է նա։ Հոկտեմբերի վերջին մի քանի խոշոր գործարաններ մասամբ կամ ամբողջությամբ դադարեցրել են կարագի արրտադրությունն ու առաքումները։ Դրանց թվում են H&N(«Простоквашино» ապրանքանիշը), «Милком» ընկերությունները, «Альметьевский» «Кунгурский», «Северное молоко», «Ирбитский» կաթի կոմբինատները։

Հոկտեմբերի 31-ին փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը  հրատապ խորհրդակցություն է հրավիրել կարագի հետ կապված իրավիճակի քննարկման համար։ Նա պաշտոնյաներին երկու շաբաթ ժամանակ է տվել գները կայունացնելու համար։ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովն առաջարկել է ամրագրել կարագի գինը մանրածախ ցանցերում, որոնք այդ ընթացքում վերահսկողության տակ է վերցրել ФАС-ը։

Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արտասահմանից կարագ ներկրելու համար, «Իզվեստիա»-ին հայտնել են գյուղատնտեսության նախարարությունից։ Պարբերականի աղբյուրի համաձայն, դիտարկվում է այդ կարագի վրա տուրքեր չսահմանելու հնարավորությունը՝ դրանք կարող են չեղարկվել ԵԱՏՄ-ից դուրս «բարեկամ» երկրների արտադրանքի համար։