Մոսկվայի իշխանությունները եւ ընդդիմության ներկայացուցիչները համաձայնության են եկել Պետդումայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ անցկացվող հանրահավաքի անցկացման վայրի շուրջ: Քաղաքապետարանի առաջարկով` դեկտեմբերի 10-ի հանրահավաքը կկայանա Բոլոտնայա հրապարակում, իսկ մասնակիցների թույլատրելի քանակը 30 հազար մարդ է:

Հիշեցնենք, ավելի վաղ որոշվել էր, որ հանրահավաքը տեղի կունենա Հեղափոխության հրապարակում, իսկ մասնակիցների թիվը չպետք է գերազանցեր 300-ը: Սակայն վերջին տվյալներով` հանրահավաքին մասնակցելու ցանկություն են հայտնել սոցցանցերի 30 հազարից ավելի օգտատերեր:

Հանրահավաքի կազմակերպիչները համաձայնել են քաղաքային իշխանությունների առաջարկին` «ակցիայի մասնկիցներին ոստիկանական գավազաններից հեռու պահելու համար»:

Հանրահավաքի կազմակերպիչները նաեւ տեղեկացրել են, որ իշխանությունները պարտավորվել են չխոչընդոտել Հեղափոխության հրապարակից քաղաքի փողոցներով դեպի Բոլոտնայա հրապարակ ընթացող ցուցարարների երթը, գրում է rbc-ն: