Բրյուսելում տեղի ունեցող ԵՄ գագաթաժողովում ֆինանսական կարգապահության խստացմանն ուղղված Եվրամիության հիմնական բարեփոխումների համաձայնությունը, կարելի է ասել, արդեն ձեռք է բերվել, մնում է համաձայնեցնել բարեփոխումների անցկացման կոնկրետ մեխանիզմները:
Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջարկով կխստացվի բյուջետային եւ հարկային քաղաքականությունը` խախտում կատարող երկրների նկատմամբ ավտոմատ պատժամիջոցների կիրառմամբ: Միեւնույն ժամանակ, Գերմանիան պահանջում է ԵՄ-ի համար հիմք հանդիսացող լիսաբոնյան պայմանագրում խմբագրումներ կատարել, սակայն դա երկարատեւ գործընթաց է, այն պետք է վավերացվի ազգային խորհրդարանների կողմից, ինչը քաղաքական ռիսկեր է պարունակում, գրում է vesti.ru-ն:
Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյն առաջարկում է սահմանափակվել ավելի պարզ գործողություններով, այն է` լիսաբոնյան պայմանագրի լրացուցիչ արձանագրությունների ընդունմամբ, ինչը վավերացման կարիք չի ունենա: Այս տեսակետին կողմ են նաեւ ԵՄ անդամ մի քանի այլ երկրներ:




























