63 տարի առաջ, 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Ցեղասպանության հանցագործության նախազգուշացման եւ պատժելու մասին կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին:
Փաստաթուղթը տալիս է «ցեղասպանության» միջազգային իրավական սահմանումը, որպես մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործություն:
Այս կոնվենցիայի ընդունումը դարձավ հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի բազմամյա պայքարի գագաթնակետը, որը պատասխանատվություն է ենթարում էթնիկ խմբերի ոչնչացման համար եւ այն համարում մարդկության դեմ գործած հանցագործություն:
Կոնվենցիան ընդունվել է Հոլոքոստի նման գործողություններից նախազգուշացնելու նպատակով, սակայն կոնվենցիայի ընդունման հարցում ոչ անկարեւոր դեր է ունեցել նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը:
1944-ին ներդնելով «ցեղասպանություն» եզրը, Լեմկինը վկայակոչում էր հայերի զանգվածային կոտորածները, որպես ցեղասպանության օրինակ:
Ներկայումս այս կոնվենցիան վավերացրել են 141 երկրներ:




























