Չեք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է բերել մի հնարավորության, որ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարաման միջոցով, որը կառավարության բացառիկ լիազորությունն է՝ առանց շատ կոնկրետ սահմանափակումների, նման իրավիճակում անմիջապես բերի ընտրությունների արդյունքների զրոյացման: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրարանական լսումների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ դիմելով արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին:

«Եթե ԿԸՀ-ն, ընտրության օրվանից հետո, դիցուք երբ նախնական արդյունքներն արդեն պարզ են, մինչեւ այն պահը, երբ ԿԸՀ-ն իրավականորեն ամրագրում է արդյունքները, հայտարարվում է արտակարգ դրություն, պատադիր նշվում է, որ պետք է վերաքվեարկություն տեղի ունենա:

Տեսականորն հնարավոր է, որ երբ լինում են հետընտրական ցնցումներ, իշխող ուժը որոշում է հայտարարել արտակարգ դրություն այդ անկարգությունները հաղթահարելու համար: Արդյունքում տեղի է ունենում վերաքվեարկություն: Ո՞րն է տրամաբանությունը անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները եւ գնալու վերաքվեարկության: Ո՞ր երկրի օրինակը կարող եք բերել: Չեք կարծում, որ սա կարող է բերել հնարավորություն, որ արտակարգ դրության հաստատման միջոցով իշխանությունը կարող է զրոյացնել ընտրությունների իր համար ոչ ցանկալի արդյունքները»,-ասաց Խաժակյանը:

Ի պատասխան Արմենուհի Հարությունյանն ասաց. «Իրականում օրինագծի նպատակը ոչ թե խնդիրներ առաջացնելն էր, այլ հնարավոր առաջացող խնդիրները լուծելը։

Այս ընթացքում, երբ այս փաթեթը ներկայացվեց, առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ընդդիմությունը նույնպես այդ հարցը բարձրացրեց: Բազմաթիվ նոր քննարկումներ ունեցանք, որ ոչ թե տուժի նպատակը, այլ հասնենք այն նպատակին, որն ի սկզբանե դրել էինք: Այսինքն, ունենալ կարգավորումներ, որպեսզի այս դեպքում հնարավորություն ունենանք առաջ շարժվել այնպես, որ ընտրական պրոցեսը չտուժի և միևնույն ժամանակ ընտորղի ձայնը տեղ հասնի»:

Նա ընդգծեց, որ քննարկումների արդյունքում ընդդիմության հետ փոխհամաձայնության են եկել և ներկայացրեց այն լրամշակումները որոնք ներկայացվելու են կառավարությանը, որպես համատեղ մշակված տարբերակ։

«Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու պահից», եզրույթի փոխարեն մենք նախատեսում ենք օգտագործել «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահ» ձևակերպումը։

Նույն հոդվածում կատարվելու է փոփոխություն, որի արդյունքում նախատեսվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է մինչև քվերակության օրը ժամը 20։00-ն, ապա ընտրական գործընթացը կասեցվելու է և համապատասխան դրույթներից հետո վերսկսվելու է և եթե դրությունները հայտարարվում են ընտրության օրը 20։00-ից հետո, այսինքը մինչև ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը և արձանագրությունների կազմումը, ապա քվերակության արդյունքների ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որտեղ հնարավոր է իրականացնել ամփոփում, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է»,- ասաց փոխնախարարը։

Ըստ փոխնախարարի՝  կատարվող փոփոխության նպատակն այն է, որպեսզի ավարտված քվերակության արդյունքները չզրոյացվեն և ընտորղների ձայները հաշվի առնվեն։

«Հետագայում կախված գործընթացներից, ԿԸՀ-ն ըստ անհրաժեշտության կարող է նշանակել վերաընտրություն այն տեղամասերում, որոնցում կծագի այդ անհրաժեշտությունը»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ ԿԸՀ-ն պետք է ունենա նաև կարգ՝ ռազմական կամ արտակարգ դրության դեպքում փաստաթղթերի պահպանման համար, որպեսզի հետո շարունակի գործընթացը։