Պետք չէ հավատալ մամուլում տեղ գտած ստահոդ մեկնաբանություններին այն մասին`արդյոք իշխող կոալիցիան միասնական ցուցակով հանդես կգա, թե ոչ: Այս մասին դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ավանդական ասուլիսների ընթացքում լրագրողներին ասել է Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Մի’ հավատացեք թերթերին»,-ասել է պատգամավորը:
Նրա խոսքով` իրավիճակի մասին շատ թե քիչ հիմնավորված կարելի կլինի խոսել ընտրությունների սկզբին կամ դրանից մի փոքր ավելի վաղ, երբ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները կներկայացնեն իրենց դիրքորոշումը:
«Իշխող կոալիցիա հասկացությունն ինքնին դաշինք է ենթադրում: Մենք համագործակցում ենք հիմա եւ կշարունակենք համագործակցել ընտրությունների ընթացքում: Միասնական ցուցակը համագործակցության հնարավոր ձեւերից է: Այն կիրառելու կամ չկիրառելու հարցը պայմանավորված կլինի կոնկրետ իրավիճակով»,- հավելել է Սահակյանը:
Նա հիշեցրել է, որ 2011թ. փետրվարի 17-ի հուշագրի խմբագրած նոր տարբերակը տվյալ պահին ուժի մեջ է: Այն նախատեսում է համաձայնեցված, բայց ինքնուրույն մասնակցություն խորհրդարանական ընտրություններին:




























