Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` տիկնոջ Վաաֆա Սուլեյմանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: NEWS.am-ին Ցեղասպանության թանգարանից հայտնեցին, որ Լիբանանի նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Լիբանանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Լիբանանի նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել թանգարանի ցուցադրությանը:
Նախագահ Միշել Սուլեյմանը գրառում է կատարել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Նա, ով կանգնում է այս կոթողի առջեւ, տեսնում է պայքարի եւ զոհողության փառավոր պատմություն: Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում»:
Լիբանանյան պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Միշել Սուլեյմանը տնկել է արծաթափայլ եղեւնի:
Հիշեցնենք, որ 2000 թվականին Լիբանանի խորհրդարանը Ճանաչեց եւ դատապարտել է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:




























