Ողջ ընտրարշավի ընթացքում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ հաղթանակի դեպքում վերականգնելու է դաշնային մահապատիժները եւ այնպես է անելու, որպեսզի ավելի շատ մարդիկ ենթարկվեն մահապատժի, ներառյալ երեխաներին բռնացողները, միգրանտները, որոնք սպանել են ԱՄՆ քաղաքացիների եւ իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաեւ նրանք, ովքեր դատապարտված են թմրանյութերի եւ մարդկանց վաճառքի համար, գրել է NBC News-ը։

«Դրանք սարսափելի, հրեշավոր, զզվելի մարդիկ են, որոնք պատասխանատու են մահվան, սպանդի եւ հանցագործությունների համար ողջ երկրում,- ասել է Թրամփը մարդկանց առեւտրով զբաղվողների համար, երբ հայտարարել էր իր թեկնածության առաջադրման մասին 2024թ. նախագահական ընտրություններում։- Մենք պատրաստվում ենք խնդրել բոլորին, ովքեր թմրանյութ են վաճառում, եթե նրանց բռնեն, դատապարտեն մահապատժի իրենց զզվելի արարքների համար»։

Չնայած պարզ չէ, թե ինչպես է գործելու Թրամփը, որպեսզի ընդլայնի մահապատիժը, մահապատժի հակառակորդների խումբը եւ քրեական արդարադատության բարեփոխման կողմնակիցները հայտարարում են, որ լրջորեն են վերաբերվում նրա հայտարարություններին՝ նշելով մահապատիժների զանգվածային կիրառումը դաշնային մակարդակով իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ։

Թրամփի առաջին նախագահական ժամկետի ավարտին 13 դաշնային բանտարկյալ դատապարտվել է մահապատժի, անգամ չնայած այն բանին, որ համավարակը ստիպել էր նահանգներին կրճատել մահապատիժները՝ բանտերում Covid-19-ի հետ կապված մտահոգությունների պատճառով։ Դրանց մեջ էր առաջին կինը, որը մահապատժի ենթարկվեց դաշնային կառավարության կողմից, ամենաերիտասարդ մարդը հանցագործություն կատարելու պահին (18 տարեկան ձերբակալվելիս) եւ միակ բնիկ ամերիկացին, որը դաշնային դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի։

Ոչ մի նախագահ չի հետեւել մահապատիժների այսպիսի քանակության դաշնային մակարդակով Գրովեր Քլիվլենդի ժամանակներից ի վեր 1800-ականների վերջից, եւ ԱՄՆ կառավարությունը ոչ մեկին մահապատժի չէր ենթարկել ավելի քան 15 տարի, մինչեւ որ Թրամփը վերականգնեց այդ պրակտիկան, նշել է ԶԼՄ-ն։