«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակով հանդես գալու հարցը ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Իսկ ո՞վ ասաց, որ առանց ԲՀԿ-ի ՀՀԿ-ն ավելի վատ արդյունքներ է ունենալու: Միաժամանակ մեր միջեւ լարվածություն չկա, մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք: ՀՀԿ-ի դռները բաց են համագործակցության համար: Հանրապետականը երկրում ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է, մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ: Բայց մենք «էստի համեցեք»-ի խնդիր չունենք»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, որ եթե ժողովուրդն ավելի վատ է ապրում, քան մի քանի տարի առաջ, ապա ՀՀԿ-ի վստահությունը մի փոքր անհասկանալի է: «Միաժամանակ համաձայն եմ այն մտքի հետ, որ ստեղծված իրավիճակում իշխանությունն ավելի շահեկան դիրքում է, քան ընդդիմությունը: Գտնում եմ, որ ընդդիմության վարքագծում ինչ-որ բաներ սխալ էին»,- ասաց նա` որպես այդպիսին համարելով պայքարող զանգվածին հիասթափեցնելը:
Ի դեպ, Վարդան Խաչատրյանը նշեց, որ մասնակցելու է գալիք ընտրություններին, սակայն ինչ ձեւաչափով` դեռ պարզ չէ:




























