Չիկագոյի Բնական պատմության թանգարանի գիտնականները ուսումնասիրել են հին եգիպտական մումիաները, որպեսզի նոր մանրամասներ բացահայտեն նրանց ինքնության և այն մասին, թե ինչպես են նրանց պատրաստել անդրշիրիմյան կյանքին, հայտնում է CNN-ը:
Սեպտեմբերին թանգարանի աշխատակիցները հատուկ կառուցված անվասայլերով 26 մումիա են տեղափոխել կայանատեղի, որտեղ դրանք տեղադրվել են շարժական համակարգչային տոմոգրաֆի մեջ: Նուրբ տեխնոլոգիայի կիրառմամբ մումիաների և դրանց դագաղների հազարավոր ռենտգենյան լուսանկարներ են արվել: Միասին հավաքված ռենտգենյան լուսանկարները եռաչափ պատկերներ ստանալու հնարավորություն են ստեղծել, որոնք ցույց են տվել ներսում գտնվող կմախքներն ու արտեֆակտները:
Նոր ապացույցներն օգնում են լույս սփռել ավելի քան 3000 տարի առաջ եգիպտացիների թաղման ծեսերի վրա, և պարզել, թե ինչն էր, նրանց կարծիքով, կարևոր վերցնել անդրշիրիմյան կյանքի համար: Սկանավորումը տևել է մոտ չորս օր, սակայն 3D պատկերների մշակումը և վերլուծությունը կարող է տևել մինչև երեք տարի, պարզաբանել է թանգարանի մարդաբանության բաժնի ավագ թանգարանապահ Ջ.Պ. Բրաունը:
«Հին Եգիպտոսի ներսում»-ը թանգարանի ամենահայտնի ցուցասրահներից մեկն է, որտեղ ներկայացված է դամբարանի եռահարկ կրկնօրինակը: Դամբարանի հուղարկավորման խցերը, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2400 թվականով, պարունակում են 23 մարդու և ավելի քան 30 կենդանու մումիաներ:
Տիկին Չենեթ-աան ապրել է մոտ 3000 տարի առաջ Եգիպտոսում 22-րդ դինաստիայի օրոք: Նոր սկանավորումն օգնել է գիտնականներին պարզել, որ բարձր դիրք ունեցող կինը մահացել է 30-40 տարեկանում:
Ըստ գիտնականների, նրա շնչափողի մեջ լցոն է դրվել, որպեսզի պարանոցը չկոտրվի, իսկ ակնախորշերի մեջ արհեստական աչքեր են մտցվել՝ անդրշիրիմյան կյանքում դրանք ունենալու համար։
Նախքան զարդարված թաղման տուփի մեջ դնելը մումիան փաթաթել են թանկարժեք կտավի մի քանի շերտով: Սակայն եգիպտուհու հետ կապված ամենամեծ առեղծվածն այն էր, թե ինչպես է նա հայտնվել այդ դագաղում: Տեսանելի կարեր չեն եղել, բացի ոտքերի մասում եղած փոքրիկ անցքից, որն այնքան լայն չէր, որ հնարավոր լիներ մարմինը մտցնել տուփի մեջ։
Բրաունի վկայությամբ, նոր լուսանկարներն առաջին անգամ ցույց են տվել ստվարաթղթե փաթեթավորման ներքևի մասը՝ պարզելով, որ տուփն, ըստ էության, հետևի մասում քուղակապված է եղել, իսկ հետո էսթետիկ ամբողջականությունը պահպանելու համար փակցվել է կպչուն ժապավենով: Թիմը հայտնել է, որ զմռսողները մումիան պահել են ուղիղ վիճակում, և որ ստվարաթղթե փաթեթավորումը փափկեցվել է խոնավության ազդեցությամբ, որպեսզին այն ճկուն դառնա և ամուր կպչի մարմնին:
Թեև համակարգչային տոմոգրաֆիան հնարավորթյուն չի տալիս գույները տարբերել, սակայն այն բացահայտել է գեղարվեստական նախշազարդերը, որոնք փորագրված են եղել ստվարաթղթե փաթեթավորման վերևի մասում, ներառյալ ծնկների համար եղած խորացումներում:





























