Օբյեկտիվ հիմքեր չկան, որ այն, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում, պետք է տեղի ունենա նաեւ Հայաստանում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն` անդրադառնալով Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի ընտրություններին, երբ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ձայների քանակը կրճատվել է 15 տոկոսով:

«Հայաստանում այլ իրավիճակ է, այլ գործընթացներ են տեղի ունենում, եւ մենք ժողովրդավարության առումով մի քայլ առաջ ենք: Այն, որ Ռուսաստանում իշխող կուսակցության ձայները կրճատվել են, դեռ չի նշանակում, որ նույնը կարող է պատահել նաեւ մեզ հետ: Նորմալ, թափանցիկ ընտրություններում «Եդինա Ռոսիա»-ն մեծամասնություն ստացավ: Մեր դեպքում` մեր առաջնորդը հորդորել է արդար, ոչ վիճահարույց ընտրություններ անցկացնել»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքական իրադարձությունների պաճենահանումն անհնար է:

Ասուլիսի մյուս բանախոսը` անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, նշեց, որ այն կապիտալը, որն ուներ Ռուսաստանի նախորդ նախագահը, իրականում բավարար էր ընտրություններում հաղթելու համար: «Նախորդ ժամանակահատվածի համեմատ, «Եդինայա Ռոսիան» անկում ապրեց, որ խոսում է այն խնդիրների մասին, որ կա հասարակության մեջ: Ռուսաստանում ստացված արդյունքները հետեւանք են լուրջ կայացած միջին խավի: Ասել, որ մեզանում էլ նույնը տեղի կունենա, չեմ կարծում`ճիշտ կլինի: Այս պահի դրությամբ մենք նման բանի չենք կարող հավակնել»,- նշեց նա` հավելելով, որ նախ` մեր հասարակությունը ամորֆ է, եւ հետո, ի տարբերություն Ռուսաստանի, մենք առավել կայացած ընդդիմություն ունենք: