Չի կարելի ընդդիմադիր տրամադրվածությունը հասցնել դեկլարատիվ հայտարարությունների մակարդակի: Դեկտեմբերի 9-ին կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության անդամ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իրեն ընդդիմադիր համարող ՀՅԴ-ն խորհրդարանի փոխխոսնակին ընտրելիս չքվեարկեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության թեկնածուի օգտին, Շահբազյանը նշել է, որ մինչեւ վերջին պահը չեն իմացել` «Ժառանգությունն» իր թեկնածուին կառաջադրի՞, թե` ոչ:
Ինչ վերաբերում է խոսնակի թեկնածու Լարիսա Ալավերդյանին, ընդդիմադիր երկու ուժերն այս թեմայով հանդիպում են ունեցել: «Մեզ հարցրել են` արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք մեր թեկնածուին առաջադրել: Մենք պատասխանել ենք, որ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, եւ առաջարկել ենք քվեարկել «Ժառանգության» թեկնածուի օգտին: Բայց մեզ ասացին, որ չարժե դա անել: Դրանից հետո մեզ համար անհասկանալի էր այն հայտարարությունը, որով ասվում էր, թե քանի որ մենք քվեարկել ենք ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, «մեզ հետ ամեն ինչ պարզ է»: Մեր գլխավոր նպատակը ցուցադրական քայլերը չեն, այլ իրական պայքար պահանջող նախաձեռնությունները, այնպիսին, ինչպիսին կառավարությանը անվստահության քվե տալն է», - ասել է Շահբազյանը:
Նա խստորեն դատապարտել է ՀՅԴ գործիչներին կուսակցության գաղափարաբանությունից հեռացնելու մասին հայտարարությունները. «Գարեգին Նժդեհին փորձում են ներկայացնել իբրեւ մի գործիչ, որը 1920թ. ի հեճուկս ՀՅԴ-ի` փրկեց Զանգեզուրը: Նման բան հայտարարելն անպատասխանատու է, քանի որ Գարեգին Նժդեհը կուսակցության ցուցումներով է գործել: Այժմ կուսակցության դեմ են ուզում հանել մեկ նրան, մեկ Արամ Մանուկյանին, մեկ` որեւէ այլ գործչի: Դա պատմության ժամանակակից եւ անիրազեկ արտագրություն է»,- ասել է Շահբազյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում Դաշնակցությունից 15 րոպե առաջ ելույթ ունեցած «Ժառանգության» ներկայացուցիչները նման ծայրահեղ դիրքորոշում չեն արտահայտել: Պատասխանելով հարցին, թե ինչպես են վերաբերվում նրան, որ ՀՅԴ-ն փոխխոսնակին ընտրելիս քվեարկել է ՀՀԿ թեկնածու Շարմազանովի օգտին, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ նման որոշումը Դաշնակցության քաղաքական իրավունքն է: «Չարժե քաղաքական գնահատականներ տալ մեր գործընկերների գործունեությանը»,- նշել է Մարտիրոսյանը:




























