Շատ ցանկալի կլինի, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում այնպիսի պատգամավորներ մտնեն խորհրդարան, ովքեր անշահախնդրորեն եւ ազգային շահի գիտակցումով կբարձրացնեն Ջավախահայության խնդիրները: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

«Վերջապես պետք է շատ կարեւոր մի բան հասկանանք Ջավախքը դա ջավախքացիներինը չէ, Ջավախքը դա համահայկական, համապետական նշանակություն ունեցող ստրատեգիական խնդիր է: Դա նույնն է, որ մենք այսօր ասենք Արցախը միայն արցախցիներինն է եւ ոչ մեկս չպայքարենք, չխոսենք այդ թեմայով: Կամ արեւմտահայության խնդիրը միայն սփյուռքահայերինն է»,- համեմատեց Շիրակ Թորոսյանն` առաջարկելով ուշադրությունը սեւեռել Ջավախքի հայաթափման վրա:

Նա հայտարարեց, որ Ջավախքի հայաթափումը ողբերգական կլինի Հայաստանի համար, քանի որ կորցնելու ենք մեր Հյուսիսային դարպասը: