Վալենսիայում երթի ժամանակ բռնկված անկարգությունների հետևանքով տուժել է 31 ոստիկան, հայտնում է իսպանական EITB գործակալությունը։
Հաղորդվում է, որ ձերբակալվել է 4 անձ, որոնցից երկուսը հասարակական կարգը խախտելու, երկուսը՝ իրավապահների վրա հարձակում գործելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Վալենսիայում բազմահազարանոց բողոքի ցույցի մասին։
Efe լրատվական գործակալությունը, հղում անելով կառավարական մարմնին, հայտնել էր, որ շաբաթ օրը 130․000 մարդ է դուրս եկել փողոց, ցուցարարները վանկարկել են «Մենք ցեխով ենք կեղտոտված, իսկ դուք՝ արյամբ»:
Ցուցարարները տեղական իշխանություններին մեղադրել են ջրհեղեղների մասին շատ ուշ զգուշացնելու մեջ:
Ցույցի ավարտին զայրացած ցուցարարները բախվել են ոստիկանների հետ։ Հաղորդվում է, որ Վալենսիայի քաղաքապետարանի վրա ցեխ է նետվել։
Միաժամանակ, ինչպես հայտնում է Reuters-ը, ցուցարարները նաև աթոռներ և այլ առարկաներ են նետել։



























