Հունգարիայում մի քանի օր անհետ կորած 31-ամյա ամերիկացի զբոսաշրջիկ կինը սպանվել է, իսկ նրա սպանության մեջ կասկածվողը՝ ձերբակալվել, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Բուժքույր Մաքենզի Միխալսկիի ձայնը  վերջին անգամ լսել են երեքշաբթի վաղ առավոտյան, երբ նա գտնվում էր Բուդապեշտում, հայտնել են նրա ընկերները որոնք լուր էին տարածել նրա անհետացման մասին: Բուդապեշտի ոստիկանության տվյալներով՝ ամերիկուհին անհետացել է երեքշաբթի օրը գիշերային ակումբից։

Նրան որոնելու ընթացքում քննիչները հայտնաբերել են մի տղամարդու, ում հետ նրան տեսել են մի քանի գիշերային ակումբներում, հայտնել են ոստիկանությունից:

Կասկածյալը՝ 37-ամյա Իռլանդիայի քաղաքացին, բերման է ենթարկվել և, ըստ ոստիկանության հաղորդման, խոստովանել է կնոջ սպանության մեջ։

Քննիչները սպանության մասին ավելի շատ մանրամասներ են հաղորդել շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Միխալսկին և կասկածյալը հանդիպել են գիշերային ակումբում և, ըստ քննիչների, գիշերն անցկացրել են միասին՝ այցելելով այլ հաստատություններ: Այնուհետև նրանք գնացել են կասկածյալի վարձակալած բնակարան, և նա, իբր, այնտեղ սպանել է նրան: Հանցագործն այնուհետեւ փորձել է թաքցնել սպանության փաստը։

Ոստիկանության տվյալներով, նա մաքրել է իր բնակարանը և կնոջ մարմինը թաքցրել զգեստապահարանում, իսկ ինքը գնացել է ճամպրուկի հետևից։ Այնուհետը, ըստ ոստիկանության, նա զոհի մարմինը դրել է ճամպրուկի մեջ, մեքենա է վարձել և ճամպրուկը բեռնախցիկում դնելով շարժվել դեպի Բալատոն լիճ։ Կասկածյալը զոհին թաքցրել է Սիգլիգետի մոտ գտնվող անտառում, ապա վերադարձել Բուդապեշտ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը ուրբաթ օրը հայտնել է, որ տեղյակ է Հունգարիայի ոստիկանության կողմից Հունգարիայում ԱՄՆ քաղաքացու անհետացման գործով կասկածյալին ձերբակալելու մասին լուրերին: Ասվում է, որ ԱՄՆ դեսպանատունը կապի մեջ է Հունգարիայի ոստիկանության հետ, սակայն այլ մեկնաբանություն չի ունեցել՝ ելնելով «գաղտնիությունից և այլ նկատառումներից»: