Tesla ընկերության բաժնետոմսերը թանկացել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Երրորդ եռամսյակում աճել են նաև ավտոմեքենաների վաճառքից ստացված եկամուտները, հաղորդում է Euronews-ը։
Անցյալ ուրբաթ Tesla-ի բաժնետոմսերն աճել են 8,2%-ով՝ այս տարի աճը հասցնելով 29%-ի, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան՝ երկու տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը (0,93 տրիլիոն եվրո): Tesla-ն շահել է ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակից՝ ելնելով այն ակնկալիքներից, որ նրա վարչակազմը էլեկտրական ավտոմեքենաներ արտադրողի նկատմամբ բարենպաստ վերաբերմունք կցուցաբերի:
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն ակտիվորեն աջակցել է Թրամփի նախընտրական արշավին՝ ներդնելով առնվազն 130 միլիոն դոլար (121 միլիոն եվրո): Ընտրություններից առաջ Tesla-ն ամերիկյան տեխնոլոգիական հսկաների, այսպես կոչված, «Հրաշալի յոթնյակի» մեջ ամենավատ ցուցանիշն ուներ:
29% թռիչքից հետո ամերիկյան ընկերությունը վերականգնեց իր ժողովրդականությունը, և նրա բաժնետոմսերը բարձրացան 30%-ով՝ ուրբաթ օրվա փակման դրությամբ հասնելով 1,03 տրիլիոն դոլարի (0,96 տրիլիոն եվրո) շուկայական արժեքին:
Ռոբոտաքսին և FSD տեխնոլոգիաները վերջերս դարձել են Tesla-ի կենտրոնական թեմաները: Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը Տեխասում և Կալիֆոռնիայում կարող է գործարկել ինքնավար ուղևորության ծառայություններ՝ մինչև 2025 թվականը այլ նահանգներում ընդլայնվելու հնարավորությամբ՝ սպասելով կարգավորող մարմինների հաստատմանը:
Թրամփի վարչակազմը կարող է բարելավել Tesla-ի՝ հանրային օգտագործման համար իր ինքնավար տեխնոլոգիան օգտագործելու թույլտվություն ստանալու հնարավորությունները՝ պոտենցիալ կերպով արագացնելով վերոնշյալ բիզնեսի աճը:
Արտասահմանյան շուկաներում Tesla-ն բախվում է էլեկտրական ավտոմեքենաների չինական BYD արտադրողի և ճապոնական Toyota ավտոարտադրողի կոշտ մրցակցության հետ: Թրամփի առաջարկած մաքսատուրքերը կարող են միաժամանակ օգուտ տալ Tesla-ին առանցքային շուկաներում՝ նման կերպ ուժեղացնելով նրա մրցունակությունը:
Սակայն Թրամփը կարող է դադարեցնել ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների բոլոր սուբսիդիաները, որոնք Բայդենի վարչակազմի օրոք 739 միլիոն դոլար (685 միլիոն եվրո) կարգավորող վարկեր են տրամադրել Tesla-ին:
Դա ուժեղացնում է երկար սպասված Robotaxi ծառայության ստեղծման խոչընդոտները հաղթահարելու Մասկի ցանկությունը։ Ինչպես հայտարարել է Մասկը՝ սերիական արտադրությունը կարող է սկսվել մինչև 2026 թվականը կամ ավելի վաղ:
Բայց հարկ է նշել, որ Tesla-ի բաժնետոմսերի աճը պայմանավորված է ոչ միայն ընտրություններում Թրամփի հաղթանակով: Աշխարհի խոշորագույն էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը իր երրորդ եռամսյակի գործունեության արդյունքներում զգալի շրջադարձ է ցույց տվել:
Tesla-ի հիմնական եկամուտն ավտոմեքենաների վաճառքից տարեկան կտրվածքով աճել է 2%-ով՝ վերադառնալով նախորդ երկու եռամսյակների անկումից հետո գրանցված աճին: Ընդհանուր եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 8%-ով, ինչը տարվա ամենաուժեղ աճն է:
Իլոն Մասկն ակնկալում է, որ 2025 թվականին մեքենաների մատակարարումները կավելանան 20-30%-ով, ինչը վկայում է էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկի վերականգնման մասին: Tesla-ն երրորդ եռամսյակում մատակարարել է 462 հազար 890 էլեկտրական ավտոմեքենա՝ երկու եռամսյակային անընդմեջ անկումից հետո տարեկան կտրվածքով աճելով 6,4%-ով և նշելով աճի վերականգնում: Սա ընկերության պատմության մեջ միաժամանակ երրորդ եռամսյակի ամենաբարձր ցուցանիշն է և երրորդ ամենաբարձր եռամսյակային ցուցանիշը:
Հատկապես ուշագրավ է Tesla-ի էներգետիկ ստորաբաժանումը, որը շարունակեց իր սրընթաց աճը. երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով եկամուտն աճեց 52%-ով: Էներգետիկայի ստորաբաժանումը ևս ռեկորդային 30,5% համախառն շահույթ է գրանցել: Բացի դրանից, Tesla Cybertruck պիկապը առաջին անգամ եկամտաբերություն է ապահովել: Մատչելի ավտոմեքենայի արտադրությունը կսկսվի 2025 թվականի առաջին կիսամյակում, իսկ դրա արտադրության ծավալը կավելանա 50%-ով։
Սակայն Tesla-ի 29% շաբաթական թռիչքը կարող է արտացոլել գերարժևորումը, քանի որ հիմնարար փոփոխությունները դեռ տեղի չեն ունեցել:
Քանի դեռ ընկերության քաղաքականությունը պաշտոնապես չի ընդունվել հօգուտ նրա, բաժնետոմսերը կարող են գերարժևորվել: Tesla-ի գին-շահույթ հարաբերակցությունն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում 68-ից հասել է 88-ի՝ գերազանցելով արհեստական բանականության չիպեր արտադրող Nvidia-ի 69-ը: Որպեսզի Tesla-ն պահպանի այս գնահատման մակարդակը, շահույթի աճը պետք է ապագայում զգալիորեն արագանա:
«Դա աճի միտում չէ, դա պայթյուն է: Ինչպիսին էլ լինի Tesla-ի հեռանկարները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, նման անկանոն գների վարքագիծը հազվադեպ է կայուն»,-պարզաբանում է ավստրալական Moomoo ընկերության շուկայի ռազմավար և գործադիր տնօրեն Մայքլ ՄըքՔարթին:




























