Չինացի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Huahe International ընկերության նախագահ Լյու Չուանյուն:
Նշենք, որ օրերս Երեանում կայացավ հայ-չինական գործարար համաժողով, որտեղ 11 ընկերություններ ներկայացնող չինական պատվիրակությունը ղեկավարում էր Լ. Չուանյուն:
Չին գործարարներին հատկապես հետաքրքրել է այն հանգամանքը, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, ինչպես նաեւ ազատ մուտք` ԱՊՀ շուկաների հետ: Չինացի գործարարներին Հայաստանում հետաքրքրում են նաեւ գյուղատնտեսությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, վերամշակող արդյունաբերությունը եւ շինարարությունը:
Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության` Չինաստանի ներդրումները Հայաստանի տնտեսությունում 1998-2011 թ.թ. կազմել են 1,3 մլրդ դոլար:
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2011 թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 341 մլն դոլար: Հայաստանից արտահանումը կազմել է 9,8 մլն դոլար, ներմուծումը` 331,2 մլն դոլար:




























