Հայաստանի եւ Լիբանանի միջեւ քաղաքական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն են ակտիվ շփումները եւ բարձրաստիճան փոխայցերը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Զրույցի ընթացքում ես ընդգծեցի Լիբանանի` որպես թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ առումով Հայաստանի համար հուսալի գործընկեր հանդիսացող երկրի հետ կանոնավոր քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը»,- ասաց Հայաստանի նախագահը, նորից վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Լիբանանի հետ սերտ համագործակցության զարգացումը քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-կրթական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս բոլոր ասպարեզներում:
Սարգսյանը նաեւ նշեց ներդրումների ուղղությամբ վերջին շրջանում գրանցված առաջընթացը. «Այսօր Լիբանանը հինգերորդ ներդրողն է Հայաստանում: Այդուհանդերձ դեռեւս հեռու ենք մեզ բավարարող ցուցանիշերից, ուստի բանակցություններում կրկին անգամ հատուկ կարեւորվեց երկկողմ առեւտրի եւ ներդրումների խթանումը, երկու երկրների բիզնես շրջանակների միջեւ առավել սերտ կապերի հաստատումը: Հուսով ենք, որ այս տարվա մայիսին ստեղծված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցացիան նոր թափ կհաղորդի առևտրատնտեսական կապերի զարգացմանը»:
Ըստ նախագահի` Հայաստանը եւ Լիբանանն իրենց հնարավորությունների շրջանակներում մշտապես աջակցել են միմյանց միջազգային կառույցներում երկու բարեկամական երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերում, եւ այդ համագործակցությունը կշարունակվի նույն փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում:




























