Սահմանադրությունն ինքնին աջակցում է պետության կայացմանն ու զարգացմանը, բայց պարտավորեցնում է կարգուկանոնի եւ ինքնակազմակերպման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով` գործող Սահմանադրությունն իր գործունեության հինգ տարվա ընթացքում կայուն կերպով կատարել է իր դերը:
«Սակայն կարեւոր է հասկանալ, որ Սահմանադրությունն ինքն առաջընթաց չէ: Հանուն առաջընթացի հանդես է եկել ժողովուրդը, իսկ Սահմանդրությունը մեզ աջակցել է այդ հարցում»,-ընդգծեց զրուցակիցը:
Խոսելով ԼՂՀ հիմնական օրենքի հնարավոր փոփոխման մասին, Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Սահմանադրությունը փաստաթուղթ է, եւ ինչպես ցանկացած փաստաթուղթ, կարիք ունի համապատասխանեցման ժամանակակից մարտահրավերներին: «Օրինակ, իմ կարծիքով, հարկավոր է փոփոխել ԼՂՀ Սահմանադրության վերջին` 142-րդ հոդվածը, որն ամրագրում է երկրի պետական սահմանը»,-նշեց Աթանեսյանը` ընդգծելով, որ Սահմանդրության մեջ պետք է ամրագրել ԼՂՀ ներկայիս փաստացի սահմանները: «Իսկ ընդհանրապես` դա պետք է ամրագրվի ոչ թե վերջին, այլ երրորդ-չորրորդ կետերում: Այդ հոդվածը պետք է չփոփոխվող դրույթի կարգավիճակ ունենա»,-եզրափակեց արցախցի խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Սահմանադրության առաջին նախագծի ընդունման հանրաքվեն անցկացվեց 2006թ-ին` ԼՂՀ անկախության 15-ամյակին: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվել էր ԼՂ-ի անկախության հանրաքվե: Անկախության օգտին քվերակել էր հայերի 99,8%-ը:



























