Ֆրանսիայի բնակիչը նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի վրա խաղադրույք կատարելով կարողացել է ավելի քան 85 միլիոն դոլար վաստակել։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Թեո կեղծանունով խաղադրույքներ կատարած անանուն խաղացողը չորս հաշիվ է բացել Polymarket բուքմեյքերական գործակալությունում։ Նա խոստովանել է, որ ավելի շատ հաշիվներ ունի հարթակում, սակայն անվտանգության նկատառումներով թաքցրել է դրանք։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում և անմիջապես ընտրությունների օրը նա հասցրել է իր բոլոր հաշիվներում ավելի քան 70 միլիոն դոլարի խաղադրույքներ կատարել:
«Ես բացառիկ եմ: Ես արդեն բավականաչափ հարուստ եմ և վստահ էի իմ վերլուծության մեջ»,- պարբերականին հայտնել է նա։ Ըստ խաղացողի՝ նա Թրամփի վրա սկսել է խաղադրույք կատարել դեռևս ամռանը, քանի որ ուսումնասիրել է ԱՄՆ-ում անցկացված սոցհարցումների տվյալները և եզրակացրել, որ հանրապետականը խոշոր հաղթանակ է տանելու: Նրան չեն շփոթեցրել անգամ հարցումների թվերը, որոնք վկայում էին, որ «ընտրական պայքարը փակուղի է մտել»։
Միևնույն ժամանակ, պարբերականը, որը չի կարողացել ստուգել խաղացողի ինքնությունը, չի բացառել նրա կապը Թրամփին աջակցող որևէ քաղաքական կազմակերպության հետ, սակայն խաղացողը վստահեցրել է, որ նա ընդամենը փորձում է «փող աշխատել և չի փորձել ընտրությունները շահարկել»։





























