Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին եւ նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան Ցխինվալիում դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան ավարտված բանակցությունների արդյունքում համաձայնագրերի փաթեթ են ստորագրել:

Բանակցություններին մասնակցել է նաեւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վինոկուրովը:
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` 2011թ. դեկտեմբերի 10-ին նախագահը հրաժարական է տալիս, իսկ Ա. Ջիոեւան իր կողմնակիցներին հանում է Ցխինվալիի կենտրոնական հրապարակից: Նա նաեւ 2012թ. մարտի 25-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ստանում, գրում է rbc-ն:

Մինչեւ նոր ընտրությունները, հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա վարչապետ Վադիմ Բրովցեւը:

Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է նաեւ Հարավային Օսիայի գլխավոր դատախազ Թայմուրազ Հուգաեւի, նրա տեղակալ Էլդար Կոկոեւի եւ Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովի հրաժարականները: Նրանք բոլորն այսօր` դեկտեմբերի 10-ին, պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն:

Ընդդիմության ներկայացուցիչներից մեկը Հարավային Օսիայի կառավարությունում կզբաղեցնի վարչապետի տեղակալի պաշտոնը: Նրա թեկնածությունը կհամաձայնեցվի ավելի ուշ:

Տվյալ համաձայնագրերի կատարման երաշխավորը ռուսական կողմն է` ի դեմս ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վինոկուրովի:

Հիշեցնենք, հանրապետությունում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Գերագույն դատարանն անվավեր էր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Ջիոեւան հաղթել էր, նաեւ վերջինիս արգելվել էր մասնակցել 2012թ. մարտի 25-ի ընտրություններին: Ջիոեւան բողոքարկել էր դատարանի որոշումը, սակայն դատարանը ընթացք չէր տվել: Ամբողջ ընթացքում Ջիոեւայի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացրել` պահանջելով գործող իշխանությունների հրաժարականը: Նրանք Ջիոեւայի երդման արարողության օրը նշանակել են այսօր` դեկտեմբերի 10-ին: Մարդիկ այս գիշերը եւս Ցխինվալիի հրապարակում են անցկացրել: