Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանում դեկտեմբերի 8-ին կրակոցներ է արձակել վիրջինյան համալսարանից ոչ հեռու գտնվող Ռեդֆորդի համալսարանի հեռակա բաժնի ուսանող, 22-ամյա Ռոս Թրուեթ Էշլին: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Իրավապահները պարզել են, որ դեպքի նախօրեին Էշլին, զենքով սպառնալով, Ռեդֆորդի անշարժ գույքի գործակալությունից ավտոմեքենա է առեւանգել: Հենց դրանով էլ նա գնացել է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի տարածք: Առայժմ չի հաջողվել պարզել ուսանողի կողմից համալսարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանին սպանելու, այնուհետեւ ինքնասպանություն գործելու պատճառները, տեղեկացնում է Associated Press-ը: