ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկարատեւ ընդմիջումից հետո այսօր` դեկտեմբերի 10-ին, կրկին թատրոնի բեմ դուրս կգա Սենեկայի կերպարով` Ռադզինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակվա թատրոնը» ներկայացման մեջ:
1985թ. Մայակովսկու անվան թատրոնում Արմեն Ջիգարխանյանն նշված պիեսում խաղացել է Ներոնի դերը:
«Այդ պիեսը Ռադզինսկու լավագույն գործերից է», -կարծում է դերասանը: Դրա սյուժեն արտացոլում է անհատի եւ հասարակության փոխհարաբերությունները: Բայց պիեսի էությունն ավելի խոր է: Այն նաեւ ներոնյան փիլիսոփայության, բարոյական վայրենացման, կայսեր «անհոգի» շրջապատի մասին է: Իսկ դա չարիքին կենսական անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում: «Ներոնի փիլիսոփայությունն ուղղված է մերկ մարդկանց: Նրանք իրենց մեջ սպանել են ամոթն ու ամաչկոտությունը եւ Ներոնի թատրոնում դարձել են տանջարարներ ու զոհեր, դերասաններ ու հանդիսատեսներ», - Արմեն Ջիգարխանյանի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արմեն Ջիգարխանյանը 76 տարեկան հասակում նախկինի պես աշխատում է: Նա մշտապես նկարահանվում է ֆիլմերում, նրա էկրանային դերերի թիվն արդեն գերազանցել է 300-ը: Նա Մարլոն Բրանդոյի եւ Ալեն Դելոնի նման արգասաբեր դերասաններից առաջ է անցել, նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել: Իսկ Գաֆտի էպիգրամը` «Չկա աշխարհում այնքան հայ, որքան դեր է խաղացել Արմենը Ջիգարխանյան», նախկին Խորհրդային Միությունում բոլորն են հիշում:



























