НТВ-ի հաղորդավար Ալեքսեյ Պիվովարովը հրաժարվել է վարել ժամը 19-ի նորությունների թողարկումը, եթե դրանում Բոլոտնայա հրապարակի հանրահավաքի մասին նյութ չլինի:
«Կոմերսանտ»-ը տեղեկացնում է, որ նա ղեկավարությանը վերջնագիր է ներկայացրել` նշելով, որ ինքը երեկոյան եթեր դուրս չի գա, եթե Բոլոտնայա հրապարակի բողոքի ցույցի թեման չլուսաբանվի: Վերջնագրի առիթ է հանդիսացել հեռուստաալիքի տեղեկատվական քաղաքականությունը, որը չի նախատեսում տվյալ միջոցառման լուսաբանումը:
Թերթը նաեւ նշում է, որ դաշնային հեռուստաալիքների եթերում միջոցառումը չի լուսաբանվում, НТВ-ի եթերում ընտրակեղծիքների վերաբերյալ ընդամենը մի կարճ սյուժե է հեռարձակվել:
Հիշեցնենք, շաբաթ օրը ժամը 14-ից 18-ը Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի կունենա Պետդումայի ընտրություններից դժգոհ ընդդիմության արտոնված հանրահավաքը: Ենթադրվում է, որ հանրահավաքը ամենամասշտաբայիններից մեկը կդառնա. դրա մասնակիցների թիվը կարող է հասնել 30 հազարի:
Այսօր` դեկտեմբերի 10-ին, Ռուսաստանի չորս տասնյակ խոշոր քաղաքներում եւ շրջկենտրոններում բողոքի ցույցեր են տեղի ունենում:
Մեկնարկն ազդարարել է Վլադիվոստոկը. այնտեղ, թերթի տեղեկություններով, հազար մարդ է հավաքվել: Նշվում է, որ Վլադիվոստոկում «Եդինայա Ռոսիա»-ն քաղաքի հինգ շրջաններից չորսում զիջել է ՌԴԿԿ-ին, հաղթելով միայն մեկում:



























