Ձերբակալվել է վրացի հայտնի կին լրագրող եւ գրող Լալի Մորոշկինան, որն ամանորյա հաղորդումներից մեկի նկարահանման ժամանակ կռիվ է սկսել:
«Վզգլյադ» թերթի տվյալներով` Լալի Մորոշկինան նկարահանումների ժամանակ բռունցքներով հարձակվել է իշխանամետ «Փրայմ-Թայմ» թերթի խմբագիր Տակո Պխակաձեի վրա: Նա հասցրել է գործընկերներին պատմել, որ իրեն դրդել են դա անել`առաջադրելով «Ամենաանճաշակ» անվանակարգում, եւ սեւ գույնի տիկնիկ են նվիրել:
Դրանից հետո, Մորոշկինայի խոսքով, հաղորդման նկարահանման ընթացքում Պխակաձեն սկսել է ծաղրել իրեն, ինքն էլ ծեծել է նրան: Մորոշկինան պատմել է, որ չի կարողացել դիմանալ նման անարգանքին, «առավել եւս` Վրաստանի ամենաանճաշակ կնոջ` սիլիկոնապատ Տակո Պխակաձեի կողմից»:
Վրացական լրատվամիջոցների խոսքով` Մորոշկինան ներկա պահին գտնվում է մեկուսարանում, սպասում է դատին, որը կկայանա այսօր:
Լալի Մորոշկինան հաղորդավարուհի է աշխատել վրացական ազգային հեռուստատեսությունում: Ավելի ուշ ստեղծել է «Իմ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությունը, գրել է «Ես, նախագահը եւ աշխարհի չեմպիոնը» գիրքը, որում հետաքրքիր դրվագներ կան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մասին:




























