Ամերիկյան ABC հեռուստաալիքը, որին նախագահ Բաշար Ասադն օրերս  հարցազրույց է տվել, դիտավորյալ աղավաղել է սիրիական առաջնորդի խոսքերը: Այս մասին տեղեկացնում է Սիրիայի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ հարցազրույցից մեկ օր անց ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Մարկ Թոները Ասադի հարցազրույցից եզրակացրել է, որ Սիրիայի նախագահը կամ լիովին կտրվել է իրականությունից, կամ` խելագարվել:

Հիշեցնենք, որ հեռուստաալիքի տվյալներով` Ասադը հարցազրույցի ընթացքում նշել էր, որ երկրում ինն ամսից ավելի շարունակվող բախումների ընթացքում զոհվում են հիմնականում իշխանության կողմնակիցները եւ ոստիկանները: Նա նաեւ ասել է, որ իրավապահներին դիմադրությունը ճնշելու հրաման չի տվել:  Ըստ նրա`«աշխարհում ոչ մի կառավարություն սեփական ժողովրդին չի սպանում, եթե իհարկե այն ղեկավարողը խելագար չէ»: 

Սիրիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Ջիհադ Մակդեսիի խոսքով`  ամերիկյան հեռուստաալիքը Ասադի խոսքի մի մասը դիտավորյալ բաց է թողել`Սիրիային սեւ լույսի ներքո ներկայացնելու համար:

«Ես չգիտեմ, թե ով է թույլ տվել այդ սխալը, բայց դա դիտավորյալ է արվել, քանի որ նրանք ցանկացել են Սիրիային ներկայացնել այնպես, ինչպես իրենք են ուզում, այլ ոչ թե այնպես, ինչպես կա», - «Վզգլյադ»-ի փոխանցմամբ` ասել է Մակդեսին: