Շվեդական գրքույկն ունի «Եթե պատերազմ կամ ճգնաժամ լինի» վերնագիրը։ Դրա նախորդ տարբերակը թողարկվել էր վեց տարի առաջ, բայց այժմ նրա ծավալն ավելացել է երկու անգամ։ Առաջին անգամ նման գրքույկ լույս է տեսել դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ այդ ժամանակվանից անընդհատ թարմացվել է, տեղեկացրել է BBC-ն։ Շվեդիայի իշխանությունները նոր պարբերականի լույսընծայումը բացատրում են գլոբալ անվտանգության իրավիճակի փոփոխությամբ։

Գրքույկն սկսվում է այսպիսի պնդմամբ. «Եթե մեզ վրա հարձակվեն, բոլորը պետք է օգնեն Շվեդիայի անկախության եւ մեր դեմոկրատիայի պաշտպանությանը։ Ամեն օր մեր ազգականների, գործընկերների, ընկերների եւ հարեւանների հետ միասին մենք ամրապնդում ենք մեր պաշտպանությունը։ Այս գրքույկից դուք կիմանաք, թե ինչպես կարող եք պատրաստվել եւ ինչ պետք է անել պատերազմի կամ ճգնաժամի դեպքում»։

Բացի այդ, ձեռնարկի ամենասկզբում արված է հետեւյալ հայտարարությունը. «Եթե Շվեդիայի վրա հարձակվի այլ երկիր, մենք երբեք չենք հանձնվի։ Ցանկացած տեղեկություն, որ դիմադրությունը պետք է դադարեցնել, չի համապատասխանում իրականությանը»։

Իշխանությունները բնակիչներին նաեւ խորհուրդ են տալիս հոգալ խմելու ջրի եւ պարենի պաշարի մասին, որոնք պետք է բավականացնեն, առնվազն, երեք օր։ Անհրաժեշտ սննդամթերքների մեջ ներառված են կարտոֆիլը, կաղամբը, գազարը եւ ձուն, ինչպես նաեւ սոուսով պահածոները սպագետիի համար եւ հատապտղային խյուսով փաթեթները։