Հայաստանի նախագահի նստավայրում այսօր` դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի հրաժեշտի արարողությունը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատեւ առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Լիբանանի նախագահի հետ հանդիպման արդյունքում եւս մեկ անգամ համոզվեց, որ երկու բարեկամ երկրներն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, խնդիրներ ու շփման եզրեր, նաեւ՝ այդ բարեկամությունը մշտապես ամրապնդելու պարտավորություն: Հանրապետության ղեկավարի խոսքով, Նախագահ Միշել Սուլեյմանի այցը Հայաստան՝ քայլ էր հենց այդ ուղղությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Լիբանանի նախագահի հետ մոտ ապագայում կրկին կհանդիպեն՝ այդպիսով եւս մեկ անգամ հայ-լիբանանյան ներկայիս ջերմ հարաբերությունները մշտապես ամրապնդելու ազդակ հաղորդելով շահագրգիռ բոլոր կողմերին:  

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ լիբանանյան կողմը հետեւողական կլինի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու հարցում, որի համար պատասխանատու բոլոր պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ կտրվեն: Միշել Սուլեյմանը եւս համոզվածությամբ ընդգծել է, որ իր պաշտոնական այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի ակտիվացնելու եւ ամրապնդելու գործում: