Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը օրեր առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Ֆրանսիայում 1915-ի իրադարձությունների հետ կապված օրինագիծը օրակարգում է հայտնվում նախընտրական շրջանում։ «Դրա վերջին օրինակն է 2011-ի դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովի կողմից ընդունված օրինագիծը։ Ֆրանսիայի իշխանությունները գիտեն այս լուրջ խնդրի վերաբերյալ մեր երկրի զգայունությունը։

Այն շրջանում, երբ Թուրքիա-Ֆրանսիա համագործակցության հնարավորությունները կարող են մտնել զարգացման կայուն փուլ, նման նախաձեռնությունները բացասաբար կանդրադառնան ընթացքին։ հետեւանքների համար պատասխանատվությունը կրելու է այդ ամենը նախաձեռնող կողմը։

Ֆրանսիայից մեր սպասելիքներն այն է, որ նա աջակցություն ցուցաբերի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատմության  հետ կապված անհարթությունը երկխոսության միջոցով կարգավորվի»,- նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։