Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում անարդար ընտրությունների դեմ ուղղված հանրահավաքը սկսվել է կես ժամ ուշացումով. կազմակերպիչները միջոցառումն ուշացումով են սկսել`Հեղափոխության հրապարակից եկողներին եւս հավաքվելու հնարավորություն տալու համար:

«Կոմերսանտ» թերթի տվյալներով` հրապարակում ավելի քան 40 հազար մարդ է հավաքվել, եւս մի քանի հազարը գալիս են Հեղափոխության հրապարակից: Հանրահավաքի սկսելուց քիչ անց հանել են  հրապարակի պատնեշները, որպեսզի ժողովուրդը կամրջի վրա չխմբվի, սակայն դա չի օգնել:

Առաջինը բեմից ելույթ է ունեցել «Մեր գժանոցը Պուտինի օգտին է քվեարկում» երգի հեղինակ Ալեքսանդր Ելինը: Հավաքվածները պարբերաբար վանկարկում են`  «Ռուսաստանն առանց Պուտինի» եւ Պուտինի դեմ ուղղված այլ արտահայտություններ:

Պաստառների վրա գրված են. «Հանուն նոր ընտրության»,  «Փաստերի աղավաղումը գրիպից վտանգավոր է»,  «Ոստիկան, հիշիր, քո որդին այս ամբոխում է»:

Բոլոտնայա հրապարակում երեւում են «Յաբլոկո» կուսակցության, «Ռուսական քաղաքացիական միության» եւ  «Համերաշխության» դրոշները:

ВВС-ի տվյալներով` Մոսկվայում հասարակական կարգը ոստիկանության եւ ՆԳՆ ներքին զորքերի 50 հազար աշխատակիցներ  են պահպանում: